Суббота , Август 18 2018
Վերջին լուրեր

Անձրեւների ժամանակ Վանաձորում հոսող «գետերի» թիվն ավելանում է

Անձրեւներով հարուստ Վանաձոր քաղաքի վարորդները եղանակային վատ պայմանների պատճառով հաճախ են կանգնում խնդրի առջեւ: Դժգոհում են՝ քաղաքում անձրեւաջրատար համակարգ չկա, եղածն էլ լավ չի աշխատում: Յուրաքանչյուր անգամ, սելաֆների ժամանակ քաղաքում սկսում են նոր «գետեր» հոսել, ինչը ճանապարհը դժվարանցանելի է դարձնում ոչ միայն վարորդների, այլ նաեւ հետիոտների համար:

-Թռչկոտելով ենք փողոցը անցնում, չգիտես, թե ոտքդ որտեղ դնես, որ մի փոսի մեջ չընկնես, կոտրվածք ստանաս: Մինչեւ ծնկներդ ջուր ես դառնում, մինչեւ փողոց ես անցնում: Ամբողջը փոս է քիչ չի, էդ փոսերն էլ ջրով են լցվում,- դժգոհում է Վանաձորի բնակիչ Մարիամը:

Իրավիճակը վարորդների մոտ դժգոհություն է առաջացնում. «Ջրահեռացումը կարող է վթարի պատճառ դառնալ, վնասել մեքենան, ինչպես նաեւ էլեկտրականությանը վնաս հասցնել: Անձրեւի հետեւանքով հոսող գետն այլ խնդիր էլ է առաջացնում, չեն երեւում փոսերը: Բացի այդ, քաղաքի որոշ հատվածներում լուսավորության բացակայության պատճառով անձրեւի ժամանակ, մութ եղանակին ընդհանրապես ճանապարհը չի երևում»,- ասում է վարորդ Անդրանիկ Հովհաննիսյանը:

Իրավիճակը նույնն է, քաղաքի թե՛ ծայրամասային թաղամասերում, եւ թե՛ կենտրոնական հատվածներում: Բնակիչները դժգոհում են՝ քաղաքում ընդամենը մի քանի անձրեւաջրատար դիտահոր կա: Ինչի պատճառով էլ սելաֆների ժամանակ անձրեւաջրերը ողողում են ողջ քաղաքը. «Քաղաքում անձրեւաջրատարերը նորմալ չեն գործում։ Յուրաքանչյուր անձրեւից հետո վարելը դժվարանում է, քանի որ փողոցները պատվում են ջրով, իսկ որոշ փողոցներով էլ գետեր են հոսում։ Նույնիսկ նոր կապիտալ վերանորոգված Բաղրամյան պողոտայում, ամեն անձրեւից հետո անհնար է դառնում վարելը, քանի որ Տարոն 2 թաղամասի Վերածննդի փողոցից իջնող անձրեւաջրերը հոսում են Բաղրամյան պողոտայով, հասնում մինչեւ «Կոնգոյի փոսը»: Այդտեղից էլ արդեն գնալու տեղ չունենալով ձևավորվում է արհեստական լիճ:

Վանաձորը զերծ չէ նաեւ փոսերից: Իսկ անձրեւաջրերը լցվելով փոսերի մեջ, փակում են դրանք ու փոսը դարձնում վարորդի համար ոչ տեսանելի: Դրա հետեւանքով նաեւ մեքենաներն են վնասվում ու փչանում»,- ասում է վարորդ Արայիկ Ավագյանը։

Խնդիրը քաղաքում նոր չէ, այն տարիների պատմություն ունի: Իսկ, թե ե՞րբ լուծում կստանա դեռ պարզ չէ:

Մանրամասները՝ շուտով տեսանյութում:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *