последние новости
loading...

Էդմոն Մարուքյան. «Հիմա «Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանն» են երկրորդ եւ երրորդ տեղերի մեջ տատանվում»

Այսօր Վանաձորում պատասխանելով լրագրողների հարցերին՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն ասաց, որ քարոզարշավն անցել է իրենց պլանավորածի պես: Եղել են որոշակի բարդություններ, որոնք հիմնականում կապված են եղել ֆինանսական միջոցների ու ռեսուրսների բացակայության հետ: Մարուքյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ իրենք պայքարում են 2-րդ տեղի համար. «Հեղափոխությունից հետո դա, ըստ էության, առաջին տեղն է: Եվ մենք ակնկալում ենք, որ ՀՀ քաղաքացիներն իրենց քայլերով ու մեկ ձայնով յուրաքանչյուր ոք այդ խնդիրը կլուծի: Նոր Հայաստանի համար դա ֆունդամենտալ կարեւոր հանգամանք է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը լինի 2-րդ քաղաքական միավորը ապագա խորհրդարանում: Եվ մեր զգացողություններն ու հանդիպումները ցույց են տալիս, որ մարդիկ միաբերան ասում են, որ այո,՛ դուք պետք է լինեք երկրորդը: Հիմա «Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանն» են երկրորդ եւ երրորդ տեղերի մեջ տատանվում»:

Վանաձորում կուսակցության անդամները նույնպես հարգեցին 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակը: Մարուքյանն ասում է, որ աղետի գոտի անունը կարելի է պաշտոնապես չօգտագործել, միայն այն դեպքում, երբ երկրաշարժի հետեւանքով տնակներում բնակվող մարդիկ այլեւս չլինեն. «Եթե չեմ սխալվում, Քոչարյանի ժամանակ աղետի գոտին պաշտոնապես հանվեց եւ զարգացման գոտի են ասում: Բայց դա աբսուրդ է, այսինքն՝ տեքստերո՞վ է զարգանում աղետի գոտին կամ երկիրը: Հազարավոր մարդիկ դեռեւս տնակներում են ապրում, իսկ այդ նույն ժամանակ երկիրն անխնա թալանվել է»,- ասաց Մարուքյանն ու ներկայացրեց իր առաջարկը. «Թալանից վերադարձված գումարները պետք է ուղղվեն տնակային ավանների խնդրի լուծմանը: Սա է իմ լուծման բանաձեւը: Նոր Հայաստանում սա այլեւս չպետք է խնդիր լինի, շատ արագ պետք է լուծվի: Սա արժանապատվության, մարդկային բնական բազային իրավունքների խնդիրներից է: Երբ որ ասում է, օրինակ՝ Սաշիկը 30 մլն դոլար է վերադարձնում, կամ մյուսները, պետք է այդ գումարներն ուղղել խնդրի լուծմանը: Երկրորդային շուկայից առնել բնակարան, տալ ընտանիքներին, եւ իրենց տնակը հանել: Առաջարկի հետ վարչապետը համաձայնեց, ասաց, որ 2.5 մլրդ փող պետք է վերադարձվի պետական բյուջե, եւ այդ գումարներով կարելի է լուծել: Գյումրին եւ Վանաձորը միասին մոտավորապես 50 մլն դոլարով կարելի է բնակարանները գնել եւ տալ մարդկանց: Սպիտակում չգիտեմ ինչքան գումար կպահանջվի»:


loading...

Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *