последние новости
loading...

Էդուարդ Շարմազանով. «Ակնհայտ է, որ ռեժիմը խուճապի մեջ է, եւ դա շատ հստակ երեւում է»

Քիչ առաջ ՀՀԿ խմբակցության պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է տարածել, այն մասին, որ երեկ որոշ անձիք Վանաձորի իր շտաբի մոտ «փող առնել-տալու գործողություն են իրականացրել. «Շտաբի դիմաց 2-3 հոգի փողի բաժանման անհաջող օպերացիա են բեմադրել, կողքից մեկն էլ նկարելիս է եղել: Մենք ենթադրում ենք, որ դա արվում է նրա համար, որպեսզի ընտրությունների օրը, կամ դրանից մեկ օր առաջ կեղծ ինֆորմացիա տարածեն, թե իբր Շարմազանովի նախընտրական շտաբի դիմաց փող է բաժանվում»:

Aravot.am-ի հետ զրույցում Շարմազանովը նշված գործողությունը որակեց որպես սեւ PR: Նա նաեւ հրավիրեց միջազգային դիտորդների ուշադրությունը. «Դա դատապարտելի է, դա հակաքարոզչություն է, դա սեւ PR է: Ակնհայտ է, որ ռեժիմը խուճապի մեջ է, եւ դա շատ հստակ երեւում է: Ես պաշտոնապես հայտարարում եմ, ես ո՛չ փող ունեմ, ո՛չ էլ բաժանելու մտադրություն: Բոլոր փողատերերը կամ փողատերերի մեծամասնությունը հիմա նոր իշխանությունների կողմն է: Քայլեք Վանաձորի փողոցներում եւ կտեսնեք, թե ինչքան պլակատ է կպցրած «Իմ քայլի» թեկնածուներից: Այդքան պլակատի փողը, որ դնեին, կարող է մի հատ մանկատուն մի 3 տարի պահեին:

Ես իրենց խորհուրդ կտամ նման անօգուտ գործողություններով չզբաղվել: Դա սեւ PR է, սկսած նրանից, որ պլակատը ճղում են, հիմա էլ սա են բեմադրում, վաղը չգիտեմ ինչ կանեն, բայց մի բան ակնհայտ է, ռեժիմը խուճապի մեջ է: Բացի ասֆալտին փռելուց, վզից բռնելու կոչերից, պլակատ ճղելուց ու անհաջող բեմադրություն իրականացնելուց որեւէ բան չեն կարող անել:

Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Փաշինյանի այսօրվա իշխանությունը ի վիճակի չէ հավասար պայմաններ ստեղծել ընտրողների ազատ եւ արդար ընտրությունների իրականացման համար: Սա ակնհայտ է եւ անթույլատրելի: Ես բոլոր միջազգային կառույցների եւ դիտորդների ուշադրությունը հրավիրում եմ այն հակաքարոզչության եւ ատելության մթնոլորտի վրա, որն այս օրերին կա մեր հանրապետությունում, մասնավորապես նաեւ իմ համեստ անձի նկատմամբ»:

Պատգամավորության թեկնածուն տեղեկացրեց, որ խնդրով դիմել է նաեւ պատկան մարմիններին:

ՀՀ դատախազության լրատվության բաժնից մեզ փոխանցեցին, որ Շարմազանովի հայտարարությունն ուղարկել են ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչություն, ստուգողական գործողություններ իրականացնելու համար:


loading...

Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *