Вторник , Октябрь 16 2018
Վերջին լուրեր

Ինչպե՞ս ամռան շոգին խնամել փոքրիկ երեխաներին. Մանկաբույժի խորհուրդները

Ինչպե՞ս կազմակերպել մինչեւ մեկ տարեկան երեխայի խնամքն ամառվա շոգին: Ամռանը փոքրիկների համար ո՞ր հիվանդություններն են ավելի վտանգավոր, ի՞նչ անել՝ դրանք կանխարգելելու համար: NEWS.am Medicine-ի այս եւ այլ հարցերին պատասխանում է մանկաբույժ Մարի Դարակչյանը:

Ամռան սեզոնին ի՞նչ տեսակի ալերգիաներ կարող են առաջանալ մինչեւ 1 տարեկան երեխաների մոտ եւ ինչպե՞ս երեխային պաշտպանել նման ալերգիաներից:

Մինչեւ 1 տարեկան երեխաների մոտ առավել հաճախ դիտվում են մաշկի ալերգիկ ախտահարումները, որոնք սովորաբար չունեն սեզոնայնություն: Ալերգիկ ռինիտը, որն առավելապես դիտվում է գարնան եւ ամռան ամիսներին, չի ախտորոշվում մինչեւ 1 տարեկան երեխաների մոտ: Մանկաբույժների ամերիկյան ասոցիացիայի համաձայն՝ ալերգիկ ռինիտի ախտորոշման նվազագույն տարիքը 2 տարեկանն է, սակայն այն առավելապես ախտորոշվում է վաղ դպրոցական կամ նախադպրոցական տարիքում:

Ի՞նչ խնամք է անհրաժեշտ մինչեւ 1 տարեկան երեխային՝ ամռան ընթացքում զերծ պահելու համար ցանկացած տեսակի հիվանդություններից:

Ամռան ընթացքում կարեւոր է պահպանել մաշկի հիգիենան, երեխային լողացնել ամեն օր, իսկ շատ շոգ եղանակին՝ օրական 2 անգամ: Լոգանքը պետք է կազմակերպել մաքուր ջրով եւ մանկական լոգանքի գելով: Երեխային պետք է պաշտպանել արեւի ուղիղ ճառագայթներից՝ հագցնելով գլխարկ, երկարաթեւ հագուստ եւ արեւային ակնոց: Եթե երեխան բաց մարմնով արեւի ճառագայթների տակ է, ապա պետք է օգտագործել արեւապաշտպան քսուքներ:

Ամռանն ի՞նչ ջերմաստիճանային միջավայր է խորհուրդ տրվում մինչեւ 1 տարեկան երեխայի համար:

Սենյակի օպտիմալ ջերմաստիճան է համարվում միջինը 20 աստիճանը, սակայն հաշվի առնելով մեր տարածաշրջանի առանձնահատկութկունները, կարելի է առավելագույնն ունենալ 24 աստիճան: Եթե կա օդորակիչ, ապա դրա օգտագործումը ցուցված է շոգ եղանակին, քանի որ ջերմակարգավորման կենտրոնի անբավարար զարգացման հետեւանքով երեխան կարող է սենյակի բարձր ջերմաստիճանի պատճառով ջերմել, առատ քրտնել, ջրազրկվել, հրաժարվել սնունդ ընդունել եւ զրկվել առողջ քնից:

Ի՞նչ պատվաստումներ պետք է ստանա ամռանը մինչեւ 1 տարեկան երեխան եւ ինչի՞ համար են դրանք համարվում պարտադիր պրոցեդուրաներ:

Պատվաստումները շոգ եղանակին արվում են նույն սխեմայով, ինչ մյուս եղանակներին: Երբեմն մայրերին անհանգստացնում է երեխայի հնարավոր ջերմելը, ինքնազգացողության վատացումը, սննդից հրաժարվելը: Սակայն, ԱՆ խորհուրդների համաձայն, դրանք պատվաստումների հետաձգման համար ցուցում չեն: Այլ պատվաստումներ, կապված ամառվա սեզոնի հետ, չեն արվում:

Տարբերվո՞ւմ է, արդյոք, մինչեւ 1 տարեկան երեխայի սնունդն ամռանը: Եթե այո, ապա ինչո՞վ է դա պայմանավորված:

Մինչեւ 1 տարեկան երեխաների սնունդը չի տարբերվում այլ սեզոններին տրվող սննդից: Հաշվի առնելով ջրազրկման մեծ հավանականությունը՝ պետք է կրծքով կերակրվող երեխային առավել հաճախ եւ երկար կերակրել, իսկ 6 ամսականից մեծ երեխաներին բավականաչափ կրծքի կաթ եւ ջուր տալ:

Շոգ եղանակներին կարո՞ղ է մինչեւ 1 տարեկան երեխաների մոտ առաջանալ դիսբակտերիոզ եւ ո՞րն է դրա բուժումը:

Դիսբակտերիոզ ախտորոշումը կլինիկական ախտորոշում չէ: Եթե կա փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում, ապա պետք է դիմել մանկաբույժի, որի կողմից կտրվի ախտորոշում եւ կնշանակվի համապատասխան բուժում:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *