Вторник , Октябрь 16 2018
Վերջին լուրեր

Լոռիում տարիներ շարունակ բուժաշխատողներին պարտադրել են հատկացումներ անել հիմնադրամին

Լոռու մարզում տարիներ շարունակ գործող «Լոռու առողջապահություն» հիմնադրամի գործունեությունը ներկայումս կասեցվել է, իսկ արված մուտքերն ու ելքերն ուսումնասիրվում են: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց Լոռու փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանը. «Այն հիմնվել է մոտ 6 տարի առաջ՝ նախկին մարզպետի օրոք կարծես, որն ունի հոգաբարձուների խորհուրդ, ֆոնդի նախագահ, նախ այդ ֆոնդին միանալը պետք է լիներ կամավորության սկզբունքով, պարտադրելով մարդկանց մտցնելը ֆոնդ արդեն խնդիր է»,-ասաց փոխմարզպետը՝ նշելով, որ պետական բոլոր առողջապահական հիմնարկների աշխատակիցներին, շատ հաճախ անգամ առանց հարցնելու, ստիպելով, բերել մտցրել են այդ ֆոնդի մեջ. «Հայտնի են դեպքեր նաեւ, երբ աշխատակիցները չեն ցանկացել ընդգրկվել ֆոնդի մեջ, ասել են՝ դիմումդ գրի դուրս արի»:

Փոխմարզպխետի խոսքով՝ ամեն ամիս ոլորտի աշխատակիցների աշխատավարձերից ավտոմատ պահվել է աշխատավարձի 1-ից 2 տոկոսը. «Մարդը աշխատավարձ է ստացել՝ 1-2 տոկոսը արդեն պահված»: Ղուկասյանն ասում է, որ իրեն, որպես առողջապահության ոլորտի ներկայացուցիչ, պարբերաբար դժգոհություններ են հասել ֆոնդի հետ կապված. «6 տարի առաջ ձեւավորվել է, տարեկան մուտք է եղել մոտ 18 մլն դրամ գումար, որն էլ եթե բազմապատկենք 6 տարվանով, լուրջ թիվ է ստացվում, հիմա իմ կողմից ուսումնասիրություն է արվում, թե ուր կամ ում են գնացել այդ գումարները, առայժմ չեմ ուզում որեւէ մեկին մեղադրել, բայց որոշակի կասկածելի երեւույթներ արդեն իսկ կան»:

Անդրեյ Ղուկասյանը չի ժխտում, որ ֆոնդից նպատակային հատկացումներ էլ են արվել, սակայն այն, որ որոշակի կասկածներ արդեն իսկ կան, փաստում է. «Վերջին 2 տարվա տվյալներն եմ նայում, ֆոնդի կառավարիչը եղել է Պարգեւ Թորոսյանը, իսկ հոգաբարձուների նախագահը՝ նախկին մարզպետը, ինչպես նաեւ մարզպետարանի այլ աշխատակիցներ»:

Մեկ ուշադրության արժանի հանգամանք եւս՝ «Լոռու առողջապահական ֆոնդից» հատկացումներ են արվել նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամին, փոխանցումներ են արվել նաեւ բուժհիմնարկներին՝ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով, որն, ըստ Ղուկասյանի՝ փոքր գումար է կազմում:

Հիմնադրամի գործունեությունը ներկայումս դադարեցված է, առաջիկայում, ըստ փոխմարզպետի, աշխատանքներ կտարվեն ֆոնդի լուծարման ուղղությամբ:

«Իրենց աշխատավարձի 1-2 տոկոսը ամեն ամիս ֆոնդին պարտադրված հատկացրած բուժաշխատողները, որոնք անդամագրվածների 99,9 տոկոսն են կազմում, հարցնում են, թե ուր են գնացել իրենց գումարներն ու ինչի վրա են ծախսվել»,-նշեց փոխմարզպետն ու հավելեց, որ իր ուսումնասիրություններից հետո չի բացառվում, որ արդյունքները կփոխանցվեն իրավապահ մարմիններին. «Բայց մինչ այդ, չպետք է մոռանալ, որ մարդիկ պարտադրված են հատկացումներ արել այդ ֆոնդին»:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *