Понедельник , Октябрь 15 2018
Վերջին լուրեր

Լոռու մարզի Մեծ եւ Փոքր Այրում գյուղերում տեխնիկական ջուր են օգտագործում

Լոռու մարզի Մեծ եւ փոքր Այրում գյուղերի բնակիչները շարունակում են օգտվել գյուղի բնական 2 աղբյուրից ու ջուրը խմում են բացառապես եռացնելուց հետո: Բնակիչների խոսքով՝ ջուրը, որից օգտվում են, տեխնիկական է, որը չի կարելի խմել, բայց իրենք այլ տարբերակ չունեն. «Ախթալայում ապրող աղջիկ ունեմ, ամեն անգամ, երբ իրենց մոտից մեքենա է գալիս գյուղ, կանեստրերով ջուր են ուղարկում մեզ, չգիտենք էլ ինչ անենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց Մեծ Այրումի բնակիչ Ազնիվ Հակոբյանը:

Գյուղում մեզ հանդիպած երեխաները պատմում են, որ քիչ չեն դեպքերը, երբ բնական աղբյուրից եկող ջրի հետ գորտեր են ընկել:

Նախորդ տարի Ագարակի ջուրը հասել է Այրում, գյուղի տարբեր հատվածներում խողովակներ են տեղադրվել, որտեղից էլ բնակիչները մինչեւ վերջերս օգտվում էին անձի հաշվով վճարելուց հետո միայն, որը, սակայն մեկ շաբաթ է տեւել. ջրամատակարարումը կրկին դադարեցվել է, իսկ բնակիչները մնացել են տեխնիկական ջրի հույսին:

Ախթալայի համայնքապետ Արկադի Թամազյանը հեռախոսազրույցում հայտնեց, որ ջրամատակարարման դադարեցումը պայմանավորված է ջրագծերի շինարարական թերություններով, ինչի պատճառով էլ ներկայումս որոշ հատվածներում փոփոխություններ են իրականացվում: Համայնքապետի խոսքով՝ խնդիրը կլուծվի 15 օրվա ընթացքում:

Բնակիչներն ասում են, որ հոգնել են ոչ միայն դույլերով ջուր բերելուց, այլ նաեւ ջրագծի կառուցմանն ու վերջնականացմանը սպասելուց. «6 տարի ա՝ ձեռքով ջուր ենք կրում, մեռանք սպասելով, իբր կառուցեցին, բայց դե մի շաբաթ մնաց սարքին…»:

Բացի խմելու ջուր ունենալուց, այրումեցիները կարոտ են նաեւ կապույտ վառելիքին: Տարեսկզբին մի խումբ բնակիչներ դիմումներ են ներկայացրել գազաֆիկացման համար: Բնակիչները չեն կարողանում հասկանալ, թե ում հետ է կապված խնդիրը, որ այդպես էլ լուծում չի ստանում: Գազատարի գլխավոր խողովակը վաղուց է մտել գյուղ, բայց բնակիչները, չնայած պատրաստակամ են ներդրում անել ու կապույտ վառելիք ունենալ, սակայն կոնկրետ քայլեր այդպես էլ մինչ օրս չեն իրականացվում: Համայնքապետի խոսքով՝ այս հարցը եւս օրակարգում է, ներկայումս դիմումներ ներկայացրած բնակիչների փաստաթղթերն են ուսումնասիրվում, իսկ թե երբ կապույտ վառելիքը կհասնի գյուղ, հայտնի չէ:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *