последние новости
loading...

Լոռու մարզպետ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածուն՝ քարոզարշավի ու հանդիպած խախտումների մասին

Լոռու մարզպետ, թիվ 9 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Անդրեյ Ղուկասյանը ՀԺ-ի հետ զրույցում անդրադարձել է մարզում քարոզարշավի ընթացքին, հանդիպած խնդիրներին ու իր դեմ սկսված որոշակի արշավին:

-Պարոն Ղուկասյան, ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը:

— Ընդհանուր առմամբ նորմալ, սակայն լինում են դեպքեր, երբ օրինակ, թեկնածուներից մեկը պատռում է մյուսի պաստառը, կամ իր պաստառը փակցնում մյուսի պաստառի վրա, որոնք անընդունելի ու տհաճ դրսեւորումներ են ինձ համար: Ես 2 բանավեճի եմ մասնակցել, պետք է գաղափարական պայքար մղել, ոչ թե կենցաղային ու անձնական մակարդակի: Այցելում ենք համայնքներ, հանդիպում բնակիչների հետ, այցելում ենք նաեւ աշխատատեղեր ու ներկայացնում մեր ծրագիրը, բանավեճեր ենք կազմակերպում: Ժամանակը սուղ է, պետք է կարողանանք մաքիսմալ ռացիոնալ օգտագործել:

— «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Քրիստ Մարուքյանը երեկ հայտարարեց, որ ՀՀԿ-ն իր նշանակած կադրերին է օգտագործում՝ ագիտացիաներ անելով:

— Երեկ արդեն Ալավերդու թիվ 12 դպրոցի տնօրենին է նկատողություն տրվել կրթության վարչության պետի կողմից, ու եթե նա շարունակի նման ոճով, կհեռացվի աշխատանքից: Տնօրենը փորձել է դպրոցում իրականացնել քարոզչություն հօգուտ ՀՀԿ-ի ու ի վնաս «Իմ քայլը» դաշինքի: Կապ չունի, թե ում օգտին է քարոզչություն արվում, միանշանակ՝ պատժվելու են: Եւ եթե նման ահազանգեր լինեն, դրանք ճշտվելու են, ու հաստատվելու դեպքում համարժեք պատասխան է տրվելու: Մարդիկ կան, ովքեր դեռեւս հին մտածելակերպով են շարժվում, որ կարող են դպրոցի տնօրենին ու համայնքի ղեկավարին օգտագործելով՝ ինչ-որ արդյունքի հասնել:

— Սոցիալական ցանցերում, կարծես թե, արշավ է սկսվել Ձեր դեմ՝ անձնական ու գործնական վիրավորանքներ են գրում Ձեր մասին, ինչ կասեք այդ մասին:

— Անձնական դաշտ որեւէ մեկն իրավունք չունի մտնել եւ հատել այդ սահմանը: Դա ինձ համար անընդունելի է, եւ ես նման ճղճիմ ու էժանագին մանիպուլյացիաներին չեմ պատրաստվում պատասխանել: Դեռ նախորդ ընտրությունների ժամանակ որոշ մարդիկ կոտրեցին իմ էջը, նամակագրություններ արեցին ու օգտագործեցին իմ դեմ, այսօր կրկին նույն նամակագրություններն են վերահրապարակում: Այսինքն, դա ընտրությունից ընտրություն է արվում: Ինչ-որ անհարմար նկար գտնելն ու տարածելը զզվելի ու անբարո քայլ է, ես անգամ հարկ չեմ համարում պատասխանել նման բաներին: Հասարակությունը ինքը կտա այդ ամենի գնահատականը:

-Պարոն Ղուկասյան, ահազանգեր կան, որ հանդիպումներ եք իրականացնում նաեւ գյուղապետարաններում ու համայնքային այլ կառույցներում, վերջերս նաեւ «Իմ քայլը» դաշինքի պաստառները, այդ թվում նաեւ Ձեր, հայտնվեցին Վանաձորի երթուղային տրանսպորտի վրա: Արդյո՞ք դա վարչական ռեսուրսի կիրառում չէ:

— Դա եղել է ոչ աշխատանքային ժամերին ու ընդմիջման ժամերին՝ ինչ-ինչ պայմաններից ելնելով: Ինչ վերաբերվում է միկրոավտոբուսների վրա քարոզչական պաստառներ փակցնելուն, պետք է ասեմ, որ դա փակցնողի չիմացության արդյունք է եղել, չեն իմացել, որ չի կարելի փակցնել քաղաքային տրանսպորտի վրա: Դա մեկ ժամ էլ չի մնացել, անմիջապես հանվել է:

— Ընտրություններից հետո, որտե՞ղ կցանկանաք լինել՝ շարունակել մնալ մարզպետ, թե՝ գնալ ԱԺ:

— Կցանկանայի շարունակել որպես մարզպետ, որովհետեւ կարճ եմ պաշտոնավարել ու կցանկանայի ավարտել կիսատ գործերս, բայց դա կառավարությունը կորոշի:

— Պարոն Ղուկասյան, Լոռին տարիներ շարունակ ունեցել է կարկառուն ՀՀԿ-ականներ՝ Վահրամ Բաղդասարյան, Կարեն Կարապետյան, Արկադի Համբարձումյան, պայքարը իրենց տիրապետության տակ գտնվող համայնքներում ինչպե՞ս եք կազմակերպելու:

— Չեմ կարծում, թե վախի մթնոլորտը մեծ է, բայց կա մարդկանց մի խումբ, ովքեր դեռեւս պարտավորություններ ունեն իրենց հետ, բայց իրենց թիվը մեծ չէ, ու ես չեմ կարծում, թե ՀՀԿ-ն որեւէ ասելիք ունի ու շանս ունի շեմը հաղթահարելու:

— Ինչո՞ւ պետք է լոռեցին ընտրի Անդրեյ Ղուկասյանին:

— Որովհետեւ թե՛ որպես փոխմարզպետ, թե որպես մարզպետ աշխատել եմ թափանցիկ, եղել եմ սկզբունքային ու ազնիվ: Իմ աշխատաոճին լոռեցին հասցրել է արդեն ծանոթանալ: Իշխանությունը ժողովրդի ձեռքում է, ում ցանկանում են, թող նրան էլ ընտրեն:

— Վանաձորում սկսել են պատռել նաեւ Ձեր քարոզչական պաստառները:

— Իմ կողմից հստակ ցուցում կա, որեւէ մեկի պաստառի վրա չփակցնել իմ պաստառը: Անգամ, եթե տեսնում են, որ իմ պաստառը պոկել են, բայց կողքը այլ ուժի պաստառը մնացել է, արգելված է մեր կողմից նույն կերպ պատասխանել:

Մեկ անգամ եւս կոչ կանեմ, որ քարոզարշավը ընթանա օրինականության, զսպվածության, մեկը մյուսի հանդեպ հարգանքի մեջ, ու քաղաքացին իր կամքը ազատ կարողանա արտահայտել, ու ընտրությունների կեղծման մեխանիզմը վերջնականապես ջախջախվի:


loading...

Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *