Суббота , Август 18 2018
Վերջին լուրեր

Կոռուպցիոն բնույթի դեպքեր Լոռու մարզի սոցիալական ծառայության ոլորտում. Կան ձերբակալվածներ

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Լոռու մարզի գլխավոր դատախազ Արսեն Մարտիրոսյանն անդրադարձավ նաեւ կոռուպցիոն ռիսկերին ու պետական մարմինների կողմից կատարված չարաշահումներին: Դատախազը նշեց, որ մարզում դրական տեղաշարժ է նկատվել կոռուպցիոն բնույթի դեպքերի բացահայտման հետ կապված: Այս մասին հայտնում է aravot.am-ը:

Այս տարվա 6 ամիսների ընթացքում մարզի տարածքում արձանագրվել են 34 կոռուպցիոն բնույթի դեպքեր, որոնցով հարուցվել են քրեական գործեր: Նախորդ տարի քրեական գործ է հարուցվել 18 դեպքով:

Ընդհանուր առմամբ՝ նշված կոռուպցիոն բնույթի դեպքերով պետությանը պատճառվել է 1 մլդ 416 հզ. 937 դրամ, որից պետությանը վերադարձվել է 116 մլն 860 հզ դրամ. «Ունենք քրեական գործեր, որոնցով որ պետությանը պատճառված վնասը դեռեւս վերականգնված չի, բայց ենթադրյալ կատարողների շարժական եւ անշարժ գույքերի վրա դրվել է արգելանք: Բնական է, որ դատաքննության ավարտից հետո պետք է միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի պետությանը պատճառված վնասը վերականգնվի»:

Կոռուպցիոն դեպքերի շրջանակներում Արսեն Մարտիրոսյանը մասնավորապես անդրադարձավ մարզի սոցիալական ծառայության ոլորտում հարուցված քրեական գործերին. «Բնակչության շրջանում հաճախակի հնչում էին դժգոհություններ՝ սոցիալական ծառայության ոլորտից: Խոսքը վերաբերվում էր հետեւյալ իրավիճակներին, որ նպաստառուները չեն ընդգրկվում նպաստառուների ցուցակներում, իսկ նյութապես բարելավված վիճակ ունեցող անձինք ընդգրկվում էին այդ ցուցակներում: Կամ որոշակի դեպքերում անձանց ընդգրկում էին նպաստառուների ցուցակում, պայմանով, որ նպաստի որոշակի գումար պետք է հատկացվի պաշտոնատար անձանց»:

Դատախազության ուսումնասիրության արդյունքներով քրեական գործ է հարուցվել մարզի Ազնվաձոր համայնքում: Սոցիալական ծառայության ավագ մասնագետը ձերբակալվել է. «Քննության ընթացքում հիմնավորեցինք, որ 2008-2018 թվականի ժամանակահատվածում, սոցիալական ծառայության աշխատակիցը նպաստառուներին ցուցակում ընդգրկելու կամ ցուցակից դուրս չթողնելու հետ կապված տարբեր քաղաքացիներից պահանջել եւ ստացել էր մոտ 1 միլիոն 400 հզ դրամի չափով գումար: Այս պահին վնասի չափն այդքան է կազմում: Կոնկրետ քրեական գործով մեխանիզմը հետեւյալն է՝ սոցիալական ծառայության աշխատակիցը պայմանավորվածություն էր ձեռք բերել Ազնվաձոր համայնքի «Հայփոստ» փոստային բաժանմունքի աշխատակցի հետ, վերջինիս փոխանցել նպաստառուների ցուցակները, դրանց դիմաց ֆիկսված լինելով այն գումարները, որոնք որ պետք է պահվեն: Պահվող գումարների չափը տարբեր էր կախված հատկացվող նպաստի գումարի չափից: Ընկերության աշխատակիցները՝ փոստատար, օպերատոր պահել էին այդ գումարները եւ փոխանցել սոցիալական ծառայության աշխատակցին, դրա դիմաց ստանալով որոշակի վարձատրություն: Այս պահին սոցիալական ծառայության աշխատակիցը գտնվում է կալանքի տակ, իսկ փոստային բաժանմունքի աշխատակցին մեղադրանք է առաջադրել եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը»:

Գործով քննությունը շարունակվում է կոռուպցիոն սխեմայում ընդգրկված այլ պաշտոնատար անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նշված դեպքը մարզում միակը չէ: Նմանօրինակ կոռուպցիոն դեպք է արձանագրվել նաեւ Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում. «Փաստի կապակցությամբ նախապատրաստվել էին նյութեր, որոնցով պարզվել էր, որ մի շարք անձիք, որոնք ընդհանրապես չէին դիմել սոցիալական ծառայությանը, որեւէ տեղեկություն չեն ունեցել իրենց՝ նպաստառուների ցուցակում ընդգրկված լինելու հանգամանքի վերաբերյալ: Սակայն սոցիալական ծառայության մարմինների համապատասխան աշխատակիցների կողմից վերջիններս ընդգրկվել են նպաստառուների ցուցակներում: Իրենց անվամբ դուրս են գրվել նպաստի գումարներ, որոնք խարդախության եղանակով հափշտակվել էր պետությունից»: Շարունակությունը՝ սկզբնաղբոյւր կայքում: aravot.am:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *