Вторник , Октябрь 16 2018
Վերջին լուրեր

Նիկոլ Փաշինյանի ամենավտանգավոր թշնամին

Նոր իշխանությունը իհարկե կարևոր և մեծապես ողջունելի քայլեր անում է, բայց թույլ է տալիս նաև սայթաքումներ, որոնք այլևս խոշորացույցով են դիտարկվում, որովհետև սպասելիքները և պատասխանատվությունն աննախադեպ մեծ են: Վրիպակները հիմնականում կադրային հարթակում են, և դրա դրսևորումներին մենք ականատես եղանք այս մեկ ամսվա ընթացքում: Կարելի է ասել՝ հեղափոխական թիմի համար, որը գործում է նոր Հայաստանի անունից և հանուն նոր Հայաստանի՝ մեկ ամսվա համար սայթաքումները չափից դուրս շատ էին: Անհաջող կադրային նշանակումներն անգամ պեղել-գտնելու կարիք չի լինում, նրանք իրենք իրենց մասին ավետում են հանրությանը, ընդ որում՝ շատ բարձր ու նկատելի: Շաբաթներ առաջ հրաժարական տվեց առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը, ով, ըստ սոցիալական ցանցերում տարածվող լուրերի՝ գումարի դիմաց որոշ մարդկանց աշխատանքի ընդունելուն ուղղված լոբբինգ էր իրականացնում: Հասարակությունը չէր հասցրել մարսել այս դեպքը, երբ պարզվեց, որ արդեն վարչապետ Փաշինյանի, աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը «Կյանքի խոսք» աղանդից է՝ երիտթևից։ Ընդ որում, այդ մասին հայտարարում է անթաքույց պարծենկոտությամբ: Աղանդի հետևորդ լինելը գուցե չարիքի փոքրագույնը լիներ, սակայն արի ու տես, որ այս երիտասարդն իր պաշտոնական դիրքն էլ է որոշել չարաշահել, գուցե գերագնահատելով իր «կալիբրը» և մտածելով, որ կարող է խլել այս կամ այն գործարարի բիզնեսը: Այս մասին հայտնում է lurer.com-ը:

Հերթական «աչքի ընկնողը» ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանն էր, ով իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ շատ է շահարկվում Ապրիլյան քառօրյայի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը. «Եկեք հանգիստ թողնենք նրան, մանկահասակ դեմքով տղա, ով երևի չի էլ հասկացել, թե ինչ է կատարվում»,-ասել էր նա: Արտահայտությունը բուռն քննարկումների առիթ դարձավ, որին հաջորդեց Կարպիս Փաշոյանի պարզաբանումը, որից, սակայն, դժգոհության ալիքը չպակասեց: Արդյունքում՝ ևս մեկ անհաջող նշանակման արդյունքում ականատես եղանք հերթական հրաժարականին: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ևս անզգույշ է իր ընտրած կադրերի հարցում: Նրա օգնականներից մեկը՝ Միքայել Նահապետյանը իր ֆեսբուքյան գրառման մեջ թույլ է տվել իրեն իշխանության բերած հանրությանը հավ անվանել, և խոսում է այն մասին, որ վերջինս ընդամենը չի հասկանում՝ ում շնորհիվ է այդ աշխատանքին և ինչին է ինքը կոչված:

Մեկ այլ օրինակ՝ Սփյուռքի նախարարի խորհրդական էր նշանակվել 27 տարեկան Վաղարշակ Հակոբյանը: Հայկական մեդիան գրեց, որ ըստ «Հանրային ծառայության մասին» օրենքի, նա իրավունք չունի ևս երեք տարի՝ մինչև 30 տարեկանը, խորհուրդ տալ: Նախարարոթյունից սկզբում հերքեցին, այնուհետև ներողություն խնդրեցին, և նա նույնպես հրաժարական տվեց: Սկանդալների կիզեկատում է նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով նշանակվելուց ի վեր կարծես միայն արդարացումներ փնտրելով է զբաղված՝ իր արած հայտարարությունների կամ նշանակումների համար: Մամուլում օրերս տեղեկություն տարածվեց, որ նախարարը հիմա էլ որոշել է իր խնամի-ծանոթ-բարեկամներին բաժանել ոլորտի ամենաքաղցր պատառները, մասնավորապես, փորձելով ազատել «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը՝ Արդարադատության նախարարի եղբոր համար:

Այս ընթացքում «կիքսեր» է թույլ տվել անգամ ՀՀ վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը, ով Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի եթերում աղմկհարույց հայտարարություն էր արել Սերժ Սարգսյանի՝ Արցախի հարցում բանագնաց դառնալու հավանականության վերաբերյալ: Փաշինյանն այնուհետև ստիպված էր հրապարակային հայտարարել, որ չի կիսում իր խորհրդականի այդ կարծիքը, բայց այստեղ էլ հարց է առաջանում՝ նման խորհրդականը Փաշինյանի ինչի՞ն է պետք…Բացի այդ կառավարությունից զատ՝ ՊԵԿ-ում շարունակվում են տարակուսելի նշանակումները, վերջին նման անտրամաբանական քայլն էլ «Ալրաղացի Լյովիկի» քրոջ որդու՝ Պիտուլի նշանակվելն է Բագրատաշենի մաքսակետի պետ: Եվ սա այն պարագայում, երբ ՊԵԿ նախագահ Անանյանն ընդունում է այն փաստը, որ վարչապետն իր նշանակումներին վերապահումներով է մոտենում…


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *