Пятница , Июль 20 2018

ՍԱՊԾ-ն կուսումնասիրի ձկնաբուծական տնտեսություններում օգտագործվող կերը և ջուրը

Գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կայցելի ձկնաբուծարաններ եւ կփորձի տեղում հասկանալ ոլորտի հիմնախնդիրները, տնտեսվարողներին մասնագիտական խորհրդատվություն տրամադրել: Ձկնաբուծությամբ զբաղվող, ներկրող եւ արտահանող խոշոր ընկերությունների ներկայացուցիչների ու ձկնաբուծության միության նախագահի հետ հանդիպմանն այս մասին ասել է ՍԱՊԾ պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը:

Թեև տնտեսվարողներից շատերը համագործակցում են ԵՄ հեղինակավոր ընկերությունների հետ և կերը ձեռք բերում նրանցից, բայց հնարավոր են դեպքեր, երբ փոխադրման ընթացքում կերը կորցնի իր պիտանելիությունը և փորձաքննության ժամանակ ի հայտ գան շեղումներ ՀՀ-ում գործող իրավական նորմերի նկատմամբ:

Մասնագետները կարևոր են համարում նաև ուշադրություն դարձնել ջրին, որում բուծվում են ձկները. ջրի անվտանգության ցուցանիշների շեղումները կարող են նաև ձկան մեջ շեղումների պատճառ դառնալ:

«Առաջիկայում ձկնաբուծական տնտեսություններում անասնահամաճարակային մշտադիտարկումներ կիրականացվեն: Մենք հետևողական ենք լինելու, որպեսզի շեղումներով ձուկը չշրջանառվի Հայաստանի Հանրապետության տարածքում: Միասին կգտնենք և կվերացնենք հնարավոր թերությունները: Սա շահավետ է նաև այն տնտեսվարողների համար, ովքեր համապատասխան ծավալներ ունեն և հետաքրքրված են ներկայացնելու իրենց արտադրանքը թե՛ ԵԱՏՄ շուկայում, թե՛ ԵՄ շուկայում՝ մոտ ապագայում այն բացելուց հետո»,- հանդիպման ժամանակ ընդգծել է ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:

Ուսումնասիրության արդյունքում տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել շրջայցերի ընթացքում նմուշառում վերցնել օգտագործվող ձկան կերից և ջրավազանների ջրից: Ոլորտի պատասխանատուների խոսքերով՝ մշտադիտարկումները և խորհրդատվությունը ոլորտում պարբերաբար են լինելու:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *