Понедельник , Октябрь 15 2018
Վերջին լուրեր

81.3 մլն դրամի վնաս են փոխհատուցել պետությանը

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող մի շարք ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից: Այս մասին հայտնում է lurer.com-ը:

Հաղորդագրության մեջ նշված է. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացած համապատասխան լիցենզիայի հիման վրա, իրականացրել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում, նախնական քննության տվյալներով, թույլ են տրվել չարաշահումներ։

Մասնավորապես՝ տեխնիկական զննության համար քաղաքացիների կողմից պետական բյուջե մուծման ենթակա հաստատագրված վճարները՝ 3.500-10.500-ական ՀՀ դրամ, հափշտակելու դիտավորությամբ ընկերությունների տնօրինությունը, առանց տրանսպորտային միջոցների տեխնիկական զննում անցկացնելու, մատուցվող ծառայությունների վերաբերյալ վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերը կեղծելու միջոցով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար։

Առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ իրականացվող քննությանը զուգահեռ միջոցներ են ձեռնարկվում՝ պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ: Արդյունքում հուլիսի 26-27-ին վերականգնվել է ևս 25.600.000 ՀՀ դրամ:

Մասնավորապես՝ «Տրանս Սիստեմ» ՍՊԸ-ի տնօրենի կողմից վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին ևս 10 մլն ՀՀ դրամ, «Ավտոտեխստուգատես ԷՄ ԷԼ» ՍՊ ընկերության տնօրինության կողմից՝ 2մլն ՀՀ դրամ, «Աթո» ՍՊԸ-ի տնօրենի կողմից՝ 2 մլն դրամ, «Նվարդ Ավետիսյան» ԱՁ-ի կողմից՝ 5. 200.000 դրամ, «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի կողմից՝ 6.400.000 դրամ վճարելու մասին անդորրագրերը, որոնց վերաբերյալ հարուցված քրեական գործերը քննվում են համապատասխանաբար ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Արմավիրի մարզային քննչական վարչությունների վարույթում:

Այսպիսով՝ հուլիսի 27-ի դրությամբ՝ միայն նշված ոլորտում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող մի շարք ընկերությունների կողմից, որպես պատճառված վնասի մասնակի փոխհատուցում, վճարվել է 81.300.000 ՀՀ դրամ։ Շարունակությունը՝ սկզբնաղբոյւր կայքում: lurer.com:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *