последние новости
loading...

Սահմանամերձ Ջիլիզայում անասնագողությունները շարունակվում են. գողը շարքային մեկը չէ

Հայ-վրացական սահմանին գտնվող Ջիլիզա բնակավայրում մարդիկ այսօր վախի ու անպատժելիության մթնոլորտում են ապրում, ինչի պատճառը վերջին տարիներին գյուղից կատարված ու չբացահայտված անասնագողության դեպքերն են: Գյուղացիների խոսքով՝ օրը ցերեկով խոշոր եղջերավոր անասուններ են գողանում եւ անարգել տեղափոխում հարեւան հանրապետություն: Միայն վերջին 4 տարվա ընթացքում 25 խոշոր եղջերավոր անասուն են գողացել, որից միայն 10-ը համայնքի վարչական ներկայացուցիչ Մհեր Վարդանյանից: Բնակիչներն ասում են, որ կորած անասունների հետքերը մշտապես հարեւան հանրապետության սահման են տանում. «Մեր անասունները մոտ 7 կմ տարել են, մինչեւ հասցրել են հայ-վրացական սահման, սկզբում 1 գլուխ գողացան, վերջերս էլ միանգամից 9 անասուն տարան»,- ասում է Մհեր Վարդանյանն ու հայտնում, անասնագողերին կոնկրետ օգնող կա, ով էլ նախ՝ տեղանքին է քաջածանոթ, այնուհետ նաեւ կարողանում է սահմանն անցկացնել. «25 գլուխ անասունը մեծ գումար է, մարդիկ վախենում են, որ էլի կշարունակվի, ու չի բացառվում, որ անասունը պահողին էլ մի օր վնաս կտան ու կգողանան անասուններին»:

Վարդանյանի խոսքով՝ մարդիկ արդեն վախենում են անասնագլխաքանակն ավելացնել, քանի որ ոչ կորած անասուններն են վերադարձում, ոչ էլ մեղավորներն են պատժվում: Վարչական ներկայացուցիչը նշում է, որ չնայած ներկայումս էլ գողությունների հետ կապված քննություն է տարվում, սակայն արդյունքների հետ առանձնապես հույսեր չի կապում:

Ջիլիզեցի Ալբերտ Լալայանի խոսքով՝ գյուղում շարունակվող արտագաղթին նպաստում է նաեւ հենց անասնագողությունն ու անպատժելիությունը. «Տարիներ շարունակ գողություն է կատարվում, ո՞վ պետք է պատասխան տա, սահմանապահից պատասխան ենք ուզում՝ ձեռները լվանում է…փշալար չկա, անցակետ չկա, որ գոնե սահմանն անցած անասունին գնանք անցակետով հետ բերենք… սահմանապահն էլ ասում ա՝ ես չեմ կարա էդքան տարածքը հսկեմ, իրենց վերադասները չեն թողում ժողովուրդը խոսեն, վերեւները դաժե արգելում են ժուռնալիստների հետ շփվել..»,- ասում է ջիլիզեցի Ալբերտ Լալայանն ու կարծիք հայտնում, որ երկու կողմի հանցավոր պայմանավորվածության արդյունք է սա. «Սահմանապահ զորքերն ինչ են անում, ինչով են զբաղված, որ հենց իրենց կողքով են գողացած անասուններին տանում, սա մի խառը վիճակ է, պետությունը քայքայում է էս ժողովրդին, մինչեւ երբ է շարունակվելու, 20 հատ մենակ խոզ են տարել, մի 30 հատ էլ կով… բա էլ գյուղացին ո՞նց պետք ա ապրի»:

Սոցիալական դժվարին պայմաններում բնակվող գյուղացիների համար շարունակվող անասնագողություններն ու անպատժելիության մթնոլորտի ավարտը բնակիչները չեն տեսնում: Փոխարենը վստահ են՝ սահմանամերձ գյուղից կով գողացողները շարքային գողեր չեն, քանի որ նրանք օրը ցերեկով կարողանում են գողոնը հայ-վրացական սահմանով անարգել տեղափոխել Վրաստան: Անասնագողության դեպքերից եւ ոչ մեկը ոստիկանության կողմից չի բացահայտվել:


loading...

Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *