Пятница , Июль 20 2018

Սոցծառայությունների Ալավերդու, Սպիտակի, Ստեփանավանի գործակալությունների ղեկավարներն ազատվել են աշխատանքից

Սոցիալական ծառայությունների Ալավերդու տարածքային գործակալության պետն ազատվել է աշխատանքից, և նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) Ալավերդու տարածքային կառույցի ղեկավար Գագիկ Էվոյանը։

Ավելի քան տասը տարի «Բարգավաճ Հայաստան»-ի տեղի կառույցը ղեկավարող Էվոյանն «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց, թե ԲՀԿ-ական մարզպետ Հրանտ Մարգարյանի հետ իր նշանակման մասին քննարկումներ չի ունեցել, և որ կուսակցության համար իր պաշտոնեական դիրքն օգտագործելու հրահանգներ չի ստացել։

«Առաջին անգամ չենք մենք կոալիցիա կառավարության հետ։ Մեր ղեկավարի կողմից միշտ շատ խիստ է դրվել։ Մարդիկ գիտակցաբար պիտի գնան ընտրության։ Մարդիկ պիտի հասկանան ում են ընտրում, խի են ընտրում», — ասաց Էվոյանը։

Ալավերդու և հարակից գյուղերի սոցիալական հարցերով զբաղվելու պարտավորություն ստանձնած Գագիկ Էվոյանը մոտ 30 տարի պաշտոններ է զբաղեցրել Ալավերդու բեռնաուղևորատար տրանսպորտային պետական ձեռնարկությունում՝ բաժնի պետից մինչև ձեռնարկության տնօրեն։ 7 անգամ ընտրվել է Ալավերդու ավագանու անդամ։ Անցած տարի, մինչդեռ, խոշորացված Ալավերդու ընտրություններում ստացած ձայները չբավարարեցին վերընտրվելու համար։

Գագիկ Էվոյանն ասում է՝ սոցիալական ոլորտում աշխատանքային փորձ չունենալն իր համար էական դժվարություններ չի ստեղծի։

«Որ բնագավառն անծանոթ է՝ էդ հաստատ անծանոթ է, բայց դե անծանոթ էլ չի էդքան, իմ ավագանի եղած ժամանակ անընդհատ առնչվել եմ սոցիալական անապահով խավի հետ, շատ անգամ եմ ես գնացել Գևորգյան Արմենի մոտ, մարդկանց համար խնդրել եմ, միջնորդել եմ, կամ նաև մի տեղ էլ բարկանալով՝ թե ինչու, ասենք, էսինչ մարդը, որ սոցիալապես անապահով մարդ է, բայց չի օգտվում այդ ծրագրից», — ասաց սոցիալական ծառայությունների Ալավերդու տարածքային գործակալության պետի պաշտոնակատարը։

Հարցին, որ եթե իր մոտ էլ գան ինչ-որ մարդկանց համար բարեխոսելու, ինչպե՞ս է վարվելու, Էվոյանը պատասխանեց. — «Կչարչարվենք, որ մարդկանց օգնենք, բա ինչի համար եմ ես, չեմ հասկանում»։

Աշխատանքից ազատվել են նաև սոցիալական ծառայության Սպիտակի և Ստեփանավանի գործակալությունների ղեկավարները։

Ստեփանավանում պետի պաշտոնակատար է նշանակվել Լոռի բերդի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար գնդապետ Արթուր Վարդանյանը, Սպիտակում՝ քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Ղոչիկյանը, ով պաշտոնավարել է Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Վանիկ Ասատրյանի քաղաքապետ եղած տարիներին։

Հիշեցնենք՝ օրերս Լոռու փոխմարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Անդրեյ Ղուկասյանը Լոռու ԲՀԿ-ական մարզպետ Հրանտ Մարգարյանին մեղադրել էր, թե տարբեր ոլորտների ղեկավարներից պահանջում է աշխատանքից ազատվելու դիմում գրել՝ նրանց փոխարեն իր կուսակիցներին կամ նրանց մերձավորներին նշանակելու մտադրությամբ։

«Բնականաբար, բոլորս հասկանում ենք, որ այդ ամենն արվում է ընտրություններին պատրաստվելու համար», — ասել էր Ղուկասյանը։

Մարզպետը հերքել էր այս մեղադրանքները։


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *