Пятница , Июль 20 2018

Վանաձորի բ/կ -ի թերապեւտիկ բաժանմունքում պետպատվերով տրամադրվող դեղորայք է յուրացվե՞լ

lorinews.am-ին հասած տեղեկություններով՝ ոստիկաններն օրեր առաջ ստուգումներ են իրականացրել Վանաձորի բժշկական կենտրոնի թերապեւտիկ բաժանմունքում: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանները մտել են մասնաշենք, ստուգումներ իրականացրել, ինչպես նաեւ փաստաթղթեր առգրավել:

Հիվանդանոցում մեր աղբյուրը հայտնեց, որ ոստիկանները հիմնականում առգրավել են պետպատվերի շրջանակում բուժօգնություն ստացած հիվանդների բժշկական պատմությունները: Դեպքը բացահայտվել է ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից, ովքեր պարզել են, որ Վանաձոր բժշկական կենտրոնի թիվ 2 մասնաշենքի որոշ բժիշկներ պարբերաբար պետպատվերի շրջանակներում ստացիոնար բուժօգնություն ստացող քաղաքացիների անվամբ դեղորայք են դուրս գրել, սակայն հիվանդներին չեն տրամադրել՝ այդ կերպ յուրացնելով տարբեր դեղամիջոցներ:

Չճշտված տեղեկություններով, երբ հիվանդանոցում իմացել են, որ իրավապահները պետք է ստուգումներ իրականացնեն, պետպատվերի շրջանակներում դուրս գրված, սակայն հիվանդներին չտրամադրված դեղորայքը նետել են աղբամանը, որտեղ էլ իրավապահները հայտնաբերել են տարբեր տեսակի դեղորայքեր, նաեւ այնպիսիք, որոնք վաճառքի ենթակա չեն եղել:

Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանը lorinews.am-ի հետ զրույցում հաստատեց, որ իրավապահները ուսումնասիրություններ են իրականացրել թերապեւտիկ բաժանմունքում. «Այո, ուսումնասիրություններ արվում են իրավապահների կողմից, եկել, փաստաթղթեր են խնդրել, տրամադրել ենք: Այս պահի դրությամբ ոչինչ ասել չեմ կարող: Քննություն է ընթանում»,- ասաց բժիշկ Աբովյանը:


Комментарии:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *